Ցեղասպանության պատմությունն, իհարկե, առաջին հ...

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշապատում բացվեց Մուսա լեռան հայերին փրկության ձեռք մեկնած ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ Դյու Ֆուրնեի հիշատակին նվիրված հուշատախտակը։

Բացման արարողությանը մասնակցում էին նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«Ցեղասպանությունից 110 տարի անց մենք հիշատակում ենք Մուսա լեռան հայերի հիշատակը, որոնք լսելով բռնի տեղահանության հրահանգը, որոշեցին դիմադրության դիմել: Պաշարման 53–րդ օրը, երբ նրանց ուժերը, սնունդը և ռազմամթերքը սպառվում էին, նրանք սավաններից պատրաստված դրոշներ բարձրացրին և հայացքն ուղղեցին դեպի ծովը, որտեղ ֆրանսիական նավերն էին, որոնք նրանց օգնության ձեռք մեկնեցին: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակին և հանձինս նրա, նաև Միջերկրական ծովում ֆրանսիական զինուժի երրորդ նավատորմի անձնակազմին, որոնք ցեղասպանության ճիրաններից փրկեցին ավելի քան 4000 հայի: Նա գործել էր առանց հրամանի՝ անսալով լոկ իր խղճին և ֆրանսիացի սպային հարիր իր պատվին »,–ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:

Ժան-Նոել Բարոն մեջբերեց ֆրանսիացի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի խոսքերը. «Փոքրիկ մուսալեռցիները, որոնց ձեռքից ձեռք էին փոխանցում ալիքների վրայով, երբեք չեն իմանա, թե ինչ վտանգից են փրկվել»:

«Մենք այսօր այստեղ հարգանքի տուրք ենք մատուցում նաև Մուսա լեռան ոգուն, դիմադրության վճռականության և հավատարմության ոգուն, մուսալեռցիների դիմադրության ոգուն, ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի վճռականության ոգուն, որը կարողացավ պատերազմի թոհուբոհի մեջ ճիշտ, արդար որոշում կայացնել, նաև վերապրողների հետնորդների հավատարմության ոգուն»,–ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Նա շնորհակալություն հայտնեց՝ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի հիշատակը 1915–ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հետ հավերժ կապելու որոշման համար:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միզոյանն ընդգծեց, որ այդ պատմությունն ու միջոցառումն իր համար խիստ անձնական են: Մինչև քաղաքականություն մուտք գործելն ու նախարար դառնալուց շատ տարիներ առաջ Միրզոյանը զբաղվել է այն մարդկանց պատմությունների ուսումնասիրություններով, որոնք վտանգել են իրենց՝ փրկելու Հայոց ցեղասպանությունն ապրող մարդկանց:

«Ցեղասպանության պատմությունն, իհարկե, առաջին հերթին ողբերգության պատմություն է, բայց մյուս կողմից՝ նաև հույսի, որովհետև կան նաև այս մարդիկ: Եվ ահա ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն և մյուսները, որոնք փրկում էին ցեղասպանության ենթարկվող հայերին, դա արել են՝ վտանգելով իրենց կյանքը, իրենց կարիերան: Եվ սա է, որ մեզ բոլորիս շարունակում է ստիպել հավատալ մարդկությանը: Ծովակալ դյու Ֆուրնեն չսպասեց հրամանին, չենթարկվեց հրամանին: Նա որոշեց գործել: Եվ սա առաջնորդության բացառիկ դրսևորում է»,–ասաց Միրզոյանը:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց՝ այս միջոցառումը հարգանքի տուրք է ծովակալին, նաև մյուսներին, որոնք գործել են նույն սխրանքը, և իհարկե, Ֆրանսիային, որ տուն դարձավ հազարավոր հայերի համար: