«Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն քայլ է մեր արդարությունը վերականգնելու, այլև քայլ է՝ ուղղված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա պատգամ է՝ անպատժելիությունը ընդունելի չի լինելու», – Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հնարավորություններին, Մնացականյանն ասել է, որ ցավոք դա քիչ հավանական է, քանի որ Անկարայից եկող ուղերձները ոչ միայն հուսադրող չեն, այլև քննադատության են արժանի։
Մնացականյանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի գործընթացին ու ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են։ Մեկ այլ ուղղություն, ըստ նախարարի, աշխարհում ցեղասպանությունների կանխարգելումն է։
«Դուք գիտեք, որ դեկտեմբերի 9-ը Հայաստանի նախաձեռնությամբ հռչակվեց Ցեղասպանությունների կանխարգելման և ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայաստանը մշտապես նորոգում է բանաձևերը, զարգացնում է իրավական հիմքերը՝ ուղղված կանխարգելման միջազգային գործընթացին: Այս գործընթացը երբեք կանգ չի առնում: Մենք գիտենք ցեղասպանության գինը և մենք պարտավոր ենք հետևողականորեն աշխատել արդարությունը վերականգնելու համար»,- ասաց նախարարը:



