Ցեմենտի ներմուծման արգելքը երկարացվեց եւս 6 ա...

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիտում սահմանեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը:

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և ներմուծող ու տեղական արտադրողների հետ հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվելցեմենտի ներմուծման համար:

Իրավական կարգավորումների արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ 2022 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստանում արտադրվել է 578 հազ. տոննա ցեմենտ, ինչը 15.7%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին արտադրվել է 145.9 տոննա ցեմենտ՝ ինչը 46%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2022-2023թթ. աճել են նաև ցեմենտի և կլինկերի ներմուծման ցուցանիշները, ինչը վկայում է, որ պետական տուրքի առկայությամբ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտը մրցունակ է տեղում արտադրվող արտադրանքի հետ։

Այսպես, 2022 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին (երբ գործել են ցեմենտի ներմուծման սահմանափակումները) ներմուծվել է 107.4 հազար տոննա ցեմենտ և կլինկեր, ինչը  77.2%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծվել է 25 հազ. տոննա ցեմենտ և կլինկեր, ինչը 80.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2022 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին (երբ գործել են ցեմենտի ներմուծման սահմանափակումները) հանրապետությունում արտադրվել է մոտ 580 հազար տոննա ցեմենտ, իսկ նույն ժամանակահատվածում տեղական արտադրանքի սպառման ծավալները կազմել են մոտ 650 հազար տոննա ցեմենտ։

Հաշվի առնելով վերագրյալը և նկատի ունենալով, որ  կիրառվող սահմանափակումների ժամկետը լրանում է 2023 թվականի հուլիսի 16-ին՝ առաջարկվում է լիցենզիայի տրամադրման գործընթացը առաջարկվող կարգավորումներով սահմանել ևս մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ հուլիսի 17-ից մինչև 2024 թվականի հունվարի 17-ը: