Ցավում եմ, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տ...

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավում է, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել Արդարադատության նախարարի պաշտոնից: 

  Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը հրաժարական է տվել, ես շատ դրական եմ վերաբերվում իրեն: Սակայն, այնուամենայնիվ, խմբակցությունը քաղաքական կարևորագույն մարմին է: Եվ խմբակցության կարծիքը նույնպես կարևոր է»,-ասաց ԱԺ նախագահը:

Նա  հաջողություն մաղթեց Գրիգոր Մինասյանին: Սիմոնյանը Մինասյանի հետ անձնապես շատ դրական հարաբերություններ ունի: «Այն աշխատանքը, որն արվել է, դրական է եղել: Բայց կային բաներ, որոնք ինձ համար էլ էր անհասկանալի, օրինակ՝ վերջին նշանակումը: Որպես մարդու, որը նաև քաղաքական լայն գործունեությամբ է զբաղվում, քաղաքացիների հետ է շփվում՝ չեմ կարողանալու նմանատիպ քայլերը մեր ընտրողներին բացատրել»,-ասաց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը Գրիգոր Մինասյանին շնորհակալություն հայտնեց արդարադատության ոլորտի ձեռքբերումների համար՝ նշելով նաև բացթողումների մասին: Որոշ հարցերի առնչությամբ նա դժգոհություն հայտնեց: ԱԺ նախագահն ասաց, սակայն, որ հարգանքով է վերաբերում Գրիգոր Մինասյանի որոշմանը: