Բժշկական համալսարանում կգործի ուղեղի հիմնարար...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀՀ մի շարք բուհերում երկշաբաթյա այցեր են իրականացրել՝ Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» դրամաշնորհային ընթացիկ ծրագրերի մշտադիտարկման նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Մասնավորապես, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ լինել եվրոպական նմանօրինակ լավագույն լաբորատորիաների հետ։

ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է՝ ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա:

‹‹Նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության հետազոտությունները կկարողանան որոշել Հայաստանի տեղը միջազգային գիտական քարտեզի վրա: Այս ծրագիրը ցույց տվեց, որ մենք ունենք մրցունակ լինելու ներուժ ու հավակնոտ գաղափարներ։ Սա այն հիմնաքարն է լինելու, որը թույլ կտա գնալ դեպի գերազանցության կենտրոնի հիմնում››,- նշում է ԵՊԲՀ-ի գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը՝ հավելելով, որ առաջիկայում միջազգային համալսարանների հետ համագործակցությամբ նախատեսվում է հաստատել նեյրոգիտության հետազոտությունների կառուցվածքը, կատարելագործել երիտասարդ հետազոտողների հմտությունները, ընդլայնել հետազոտական կարիերայի հնարավորությունները, զարգացնել համալսարանի նորարարական կարողությունները, ինչի արդյունքում համալսարանն ավելի ներկայանալի կլինի գիտական հանրության առջև:

«Աջակցություն Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» զարգացմանը» բաղադրիչի ղեկավար Լիանա Մամյանն իր հերթին նշել է, որ համավարակի, ինչպես նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բուհի իրականացրած ծրագրային գործողությունները և գնումների գործընթացները որոշակիորեն հետ են մնացել ժամանակացույցերով ու գնումների պլանով սահմանված ժամկետներից: Նրա խոսքով՝ բուհը պետք է արդյունավետ և հետևողական քայլեր ձեռնարկի՝ պայմանագրով սահմանված բոլոր գործողությունները պատշաճ ժամկետներում իրականացնելու, ավարտին հասցնելու, ինչպես նաև ծրագրով ամրագրված ցուցիչներին հասնելու համար:

Մշտադիտարկման արդյունքում ներկաներն ամրագրել են, որ բուհի տրամադրած անհրաժեշտ տարածքներում դեռևս ընթանում են համապատասխան շինարարական աշխատանքները: Դրամաշնորհային ծրագրի պատասխանատուների հավաստիացմամբ՝ հիմնանորոգման աշխատանքները չեն խոչընդոտի սարքավորումների մատակարարման գործընթացին և կավարտվեն մինչև դրա իրականացումը:

Կենտրոնի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս կիրառելու նպատակով դրամաշնորհային ծրագրի այս փուլում իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում: Մասնավորապես, մի շարք քայլեր են ձեռնարկվել ԵՊԲՀ-ի կրթական գործընթացի բովանդակության արդիականացման ուղղությամբ, ընթացքի մեջ են ուսանողների, օրդինատորների, ասպիրանտների և մասնագետների համար ուսումնամեթոդական ծրագրերով պիլոտային ծրագրերի իրականացման, հետդիպլոմային կրթության համար երկլեզու ուսումնական և մի քանի այլ ձեռնարկների մշակման աշխատանքները:

Անդրադարձ է եղել նաև կոնսորցիումի գործընկերների հետ համագործակցության ընթացքին: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում կոնսորցիումի անդամ հաստատությունների՝ «ՀՀ ԳԱԱ ակադ. Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի» և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ իրականացվում են ժամանակակից հետազոտական մեթոդների դասավանդման գիտակրթական ու հետազոտական նորագույն մեթոդների ներդրմամբ կատարվող գիտահետազոտական ծրագրերի մշակման և գիտական արդյունքների հրապարակման աշխատանքները: