
Շուրջ 40 րոպե առաջ բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա երիտասարդ, որն այս պահին հետազոտման փուլում է, կարելի է ասել հիմնական հետազոտությունները ավարտված են, ունենք որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:
«Եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության և բուժման նպատակով: Ունենք աչքի շրջանում փոքր գեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։ Դինամիկ հսկողության կլինի, որ հետագայում մենք կարողանանք ավելի օբյեկտիվ գնահատել և տալ իր վնասվածքի ծանրության աստիճանը՝ վիճակի և հետագա բուժման անհրաժեշտության մասին: Առնվազն գոնե 24 ժամ հետո նորից կնկարենք, կտեսնենք, համակարգչային շերտագրությունը, հետազոտությունը, տեսնենք մենք դինամիկորեն ինչ ունենք: Այս պահին դեռ գտնվում է անհետաձգելի ընդհանրարանում, որոշում կայացնելուց հետո կգնա պալատ»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ:
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է: