ՀՀ Բյուրեղավան համայնքում ապրիլի 21-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերով պայմանավորված՝ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:
«Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։
Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։
Օրերս Բյուրեղավանի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Համայնքապետարանը կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ օգտագործել եռացնելուց հետո։



