Հայաստանի կառավարությունը, կարծես, իր համար ավանդույթ է դարձրել ավիացիոն ոլորտի խնդրահարույց ընկերությունների հետ մեծ հույսեր կապելը և այդ ընկերություններին արտոնություններ տալը՝ պետական բյուջեի հաշվին։
Հենց այս տրամաբանության շրջանակում կառավարությունը լրջագույն միջոցներ ծախսեց, և պետության մասնակցությամբ հիմնվեց «Ֆլայ Արնա» ավիափոխադրողը։ Այս իրադարձությունը կառավարության գովազդային վահանակներից մեկն էր։ Չնայած մասնագետների այն տեսակետին, որ սա տապալված նախաձեռնություն է, կառավարությունը միևնույն է այն համարում էր հաջողված նախագիծ։ Ի վերջո, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Ֆլայ Արնա» ընկերությունը չի դիմացել մրցակցությանը և փակվել է։
Այս անհաջողությունից դաս չքաղած կառավարությունը նախորդ տարվա ընթացքում մեծ արտոնություններ տվեց «Վիզ Էյր» ավիաընկերությանը և հայտարարեց, որ ավիափոխադրողը բազավորվում է Հայաստանում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդամենը երկու ինքնաթիռ է բազավորվելու «Զվարթնոց» օդանավակայանում։
Կառավարությունից ահռելի աջակցություն ստացած այս ընկերությունը, պարզվում է, ևս լուրջ խնդիրներ ունի։ Օրերս հայտնի դարձավ, որ «Վիզ Էյր»-ին ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության կողմից կարգադրություն է տրվել 12 օրով գետնին պահել իր ավիապարկի մի մասը այն բանից հետո, երբ կարգավորող մարմինները տարբեր բազաներում իրականացված խիստ ստուգումների ընթացքում հայտնաբերել են 34 անվտանգության խախտում։
Հունգարական ավիաընկերությունը պարտավոր է անհապաղ գետնին պահել 18 օդանավ՝ մինչև վերացվեն ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) տեսուչների կողմից արձանագրված խնդիրները, որոնք կապված են տեխնիկական սպասարկման փաստաթղթերի բացերի, օդաչուների պատրաստվածության թերությունների և շահագործման ընթացակարգերի խախտումների հետ։
Գետնին պահելու որոշումը ազդում է օրական մոտ 400 չվերթի վրա և ավիաընկերությանը կարժենա մոտ 45 միլիոն դոլար՝ կորցրած եկամուտների և ուղևորներին տրվելիք փոխհատուցումների տեսքով։
45 միլիոն դոլարի վնասը ընկերության համար լրջագույն մարտահրավեր է, հատկապես այն պարագայում, երբ մինչ այս վնասն էլ ընկերության ֆինանսական վիճակը բավական ծանր էր։
Նշենք, որ այս իրավիճակի մասին դեռ նախորդ տարի խոսել էր համաշխարհային ավիափոխադրող «Ռեյն էյր» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին։ Նա հայտարարել էր, որ «Վիզ Էյր»-ը կանգնած է լրջագույն ֆինանսական խնդիրների առաջ։
Ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել, որ ի վերջո «Վիզ Էյր» ընկերությունը կարող է գնալ սնանկացման։ Նման սցենարի պարագայում բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ևս մեկ անգամ չփոշիացրեց պետական միջոցներ մի ուղղությամբ, որտեղ պետության շահերը չեն սպասարկվել։



