«Բրյուսելը կորցրել է ժողովրդավարության նկատմա...

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Բրյուսելը կորցրել է ընդհանուր եվրոպական արժեքները, որոնցից գլխավորը ժողովրդավարության նկատմամբ հարգանքն է: Պապուաշվիլին հենց դա է համարել Վրաստանի և Եվրամիության միջև բարդ հարաբերությունների պատճառը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում

«Երբ խոսում ենք Վրաստանի և Եվրամիության միջև բարդ հարաբերությունների մասին, չպետք է մոռանանք այս իրավիճակի հիմնական աղբյուրի մասին.... Այսօր Բրյուսելը հեռացել է մեր ընդհանուր եվրոպական արժեքներից, որոնցից գլխավորը ժողովրդավարության նկատմամբ հարգանքն է։ Անհնար է հարգել ժողովրդավարությունը, այսինքն՝ ժողովրդի իշխանությունը, և միևնույն ժամանակ միջամտել այլ ժողովուրդների ընտրություններին։ Այն ձևը և ինտենսիվությունը, որով Բրյուսելը և նրա որոշ դեսպաններ միջամտեցին 2024 թվականի ընտրություններին, խախտում է ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությունը, այնպես էլ Վիեննայի կոնվենցիան, այսինքն՝ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը», - գրել է Պապուաշվիլին։

Նա հավելել է, որ Բրյուսելի համար վրաց ժողովրդի հետ հարաբերությունները վերականգնելու ուղին եվրոպական արժեքները հարգելու միջոցով է։

Օրերս Եվրահանձնաժողովը տարեկան զեկույցում Վրաստանին մեղադրել էր ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների և ժողովրդավարական արժեքներից հեռանալու համար: 

Կողմերի միջև հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո. հաղթանակից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կասեցնելու մասին: