Բրյուսելական վամպիրները գնում են նորմալ մարդկանց մոտ և հարցնում են՝ ուզու՞մ եք ձեզ կծենք, որ մեզ նման դառնաք, հայտարարել է Մարիա Զախարովան:
Մարթա Կոսը և Կայա Կալլասն իրենք իրենց ջրի երես են հանել: Նրանց միակ նպատակը վնաս հասցնել Հայաստան-Ռուսաստան բարեկամական, ավանդական և փոխշահավետ հարաբերություններին: Ինչ վատ բան է տեսել հայ բնակչությունը ռուս-հայկական էներգետիկ համագործակցությունից: Թող հայ բնակիչները տեսնեն՝ ինչ են արել այդ վամպիրներն իրենց բնակիչների հետ. նրանք այժմ մի քանի անգամ ավելի շատ են վճարում էներգիայի համար, քան մնացածները», - ընդգծել է Զախարովան:
Նա նշել է, որ ի տարբերություն Բրյուսելի, Ռուսաստանը իր գործընկերներին չի պարտադրում ընկերանալ ինչ-որ մեկի հետ, ընդհակառակը՝ այն կողմ է զարգացնել բազմակողմանի համագործակցությունը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով ընդունվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը»՝ սահմանելով համագործակցության հավակնոտ առաջնահերթություններ և նշանավորելով երկկողմ հարաբերությունների խորացման ու զարգացման կարևոր փուլ։ Օրակարգի համատեքստում կողմերը համաձայնեցին միասին աշխատել՝ զգալիորեն ավելացնելու և հեշտացնելու Հայաստանի արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացումը, ներառյալ նոր արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա, և խորացնելու համագործակցությունը Էներգետիկ համայնքի և Հայաստանի միջև:



