
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի կարեւոր ենթակառուցվածքների մոտ, ներառյալ նավահանգիստները եւ ատոմակայանները, հակամարտության կարգավորման շրջանակում: Այս մասին հայտնել է բրիտանական The Economist ամսագիրը՝ հղում կատարելով անանուն արեւմտյան պաշտոնյային։ Նրա խոսքով՝ ռազմական զորակազմը, Լոնդոնի եւ Փարիզի պլանների համաձայն, պետք է տեղակայվի Ուկրաինայի քաղաքներում, այլ ոչ թե երկրի արեւելքում գտնվող առաջին գծում։ Փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը, իբր, պատրաստ է համաձայնել Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների հնարավոր տեղակայմանը, եթե հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեն։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ այս մասին իրեն հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս կայացած հեռախոսազրույցում։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի հայտարարությունները՝ ավելացնելով, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հնչեցրել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Փետրվարի 18-ին ՌԴ ԱԳ նախարարը Էր Ռիադում ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո նշել է, որ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ զորքերի հայտնվելն անընդունելի է Մոսկվայի համար։