Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստվում է աշխատուժի պակասի հարցը լուծել տասնյակ հազարավոր բանտարկյալների եւ «Բրիտանացուն ստիպել աշխատել» ծրագրի շրջանակում պատիժ կրողների օգնությամբ։ Այս մասին տեղեկացրել է The Times թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Որեւէ ոլորտում անբավարարության դեպքում, օրինակ՝ շինարարների, տեղի բանտերում կարող են ստեղծվել բանտարկյալների դասընթացներ, որպեսզի ազատվելուց հետո նրանք կարողանան աջացկցել խնդրի լուծմանը»,- պարբերականը մեջբերել է կառավարության աղբյուրի խոսքերը։ Բացի այդ, քրեակատարողական հաստատություններում կսկսեն աշխատել աշխատանքի տեղավորման կենտրոններ՝ բանտարկյալներին մասնագիտացված աջակցություն ցուցաբերելու համար, որպեսզի «ավելի սերտ կապեր ստեղծվեն բիզնեսի ղեկավարների հետ»։
Լոնդոնը մտադիր է խթանել ավելի մեծ թվով գործատուների, որպեսզի նրանք վարձեն նախկին բանտարկյալներին, այդ թվում հյուրանոցային բիզնեսում, խորհրդատվական խորհուրդների միջոցով։
Պաշտոնական փաստաթղթում, որը, ինչպես սպասվում է, կհրապարակվի երեքշաբթի, մեծ ուշադրություն կհատկացվի առողջական խնդիրներ ունեցող բանտարկյալներին եւ երիտասարդ իրավախախտներին։ Փորձագետները կարծում են, որ նրանք «ամենայն հավանականությամբ կօգտվեն աշխատանքի ուսուցման եւ վարձման նախաձեռնությունների հետ կապված առավելություններից»։
Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ «մշտական աշխատանքի առկայությունը զգալիորեն կնվազեցնի նոր իրավախախտումների կատարման հնարավորությունը հանցագործի կողմից»։