Բրազիլիայի Գերագույն դատարանը նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին դատապարտել է 27 տարվա ազատազրկման պետական հեղաշրջման դավադրության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նոյեմբերի 25-ին Գերագույն դատարանը պաշտոնապես ավարտել է Բոլսոնարուի դեմ գործը՝ նրա դատավճիռը դարձնելով վերջնական։ Գերագույն դատարանը մերժել է այս ամսվա սկզբին դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։
Նա իր պատիժը կկրի Բրազիլիայի դաշնային ոստիկանության վերահսկողական վարչությունում, որտեղ գտնվում է նոյեմբերի 22-ից։
Բրազիլական լրատվամիջոցների տվյալներով՝ 70-ամյա Բոլսոնարուն պահվում է 12 քառակուսի մետր մակերեսով փոքրիկ խցում, որը հագեցած է հեռուստացույցով, փոքր սառնարանով և օդորակիչով։
Բոլսոնարուն սեպտեմբերին դատապարտվել է 27 տարի և երեք ամսվա ազատազրկման՝ 2022 թվականի նախագահական ընտրություններում ձախակողմյան գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ պարտվելուց հետո հեղաշրջում կազմակերպելու համար։ Բոլսոնարուն նաև ավելի քան 100 օր տնային կալանքի տակ է եղել Բրազիլիայում։
Դատախազների խոսքով՝ դավադրությունը ձախողվել է միայն բարձրաստիճան զինվորական ղեկավարների աջակցության բացակայության պատճառով։



