Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց։
«Համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ապօրինաբար է վերընտրվել՝ շահագործելով գյուղացիներին։ Ուրցաձորցիները դեմ են նրա պաշտոնավարմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա նշեց, թե դատախազության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազությանն արդեն հարուցված երկու քրեական գործերն ուսումնասիրել և հասցնել ավարտին՝ իրենց անվստահության ձայնը բարձրացնելով մարզային դատախազությանը և Վեդու քննչական կոմիտեին:
«Շատ զարմացած եմ Դավիթ Սանասարյանի բռնած դիրքից, որ նա եկավ գյուղ մի քանի ամիս առաջ, երբ գյուղացիները ընդվզում էին, իր ձեռքերը լվաց ու հեռացավ»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
Politik.am-ի հետ զրույցում Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ բողոքի ակցիա իրականացնողները հիվանդ երևակայություն ունեն.
«Քրեական գործերը հիմա՞ էլ նորմալ չեն ընթանում, առաջ լիներ, կասեինք՝ հա: Մարդիկ իրենց գործն են անում: Էդ բողոք անողները որևէ անգամ այս գյուղի հասարակական կյանքին խառնված կա՞ն: Ինչու՞ չեն ասում, որ գյուղը ծաղկունք է ապրել: Նրանք իրենց տանն անգամ դրական բան ունե՞ն արած: Ես այժմ ջրագիծ եմ քաշում, թող գան մի բահ հող լցնեն: Հասկանու՞մ են՝ ինչ է համայնքը, ինչ է պետությունը: Ես մի բան գիտեմ՝ նորմալ աշխատել եմ»:
Դիտարկմանը, որ բողոքի ակցիայի մասնակիցները ասում են, թե Անդրեասյանը կաշառք է բաժանել, պատասխանեց.«Ասում են՝ կաշառք եմ տվել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին, պարզապես հիվանդ երևակայության տեր մարդիկ են, ուրիշ բան չունեմ ասելու: Թող ապացուցեն, որ մեկին մի հատ գրիչ եմ տվել, մի հատիկ ծխախոտ եմ տվել: Եթե մեղավոր եմ, պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ: Բայց որևէ մեկը չի կարող դա ապացուցել. դրանք բոլորը զրպարտություններ են: Առիթից էլ օգտվում են՝ ես ժամանակ չունեմ՝ ընկնեմ իրենց բողոքների հետևից»:
Ըստ Անդրեասյանի՝ համայնքապետի արտահերթ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին իր լավ աշխատելը.«Ուզեցի՞ն հրաժարական, տվեցի, նորից ընտրվեցի: Հինգ թեկնածու կար, թող ընտրեին»:
Հարցին, թե համայնքապետը ինչ է պատրաստվում անել, Անդրեասյանը պատասխանեց.«Աշխատել, աշխատել, աշխատել»:



