Համաշխարհային առաջնորդները պետք է նոր ջանքեր գործադրեն, որպեսզի Ուկրաինայում Ռուսաստանի ներխուժումն անհաջողությամբ ավարտվի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է BBC-ն:
New York Times-ում հրապարակված իր հոդվածում վարչապետը նշել է, որ «ոչ թե ապագա պատմաբանները, այլ Ուկրաինայի ժողովուրդը կլինի մեր դատավորը»: Ջոնսոնը ներկայացրել է վեց դրույթից կազմված ծրագիր, որում ներառված է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում պաշտպանության արագ ամրապնդումը: Սակայն լեյբորիստները քննադատել են վարչապետին, քանի որ նա օպերատիվ կերպով չի գործել պատժամիջոցների հարցում:
Նախապես հայտնելով միջազգային առաջնորդների հետ մի շարք հանդիպումների մասին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է. «Պուտինը պետք է պարտություն կրի, եւ պետք է ակնհայտ լինի, որ նա կպարտվի ագրեսիայի այս գործողության ժամանակ: Բավարար չէ մեր աջակցությունը ցուցաբերել միջազգային կարգին, որը հիմնված է կանոնների վրա: Մենք պետք է պաշտպանենք այն ռազմական ուժի միջոցով կանոնները փոխելու համառ փորձերից»:
Ջոնսոնը նաեւ մտադիր է կոչ անել միջազգային առաջնորդներին նախաձեռնել նոր եւ համաձայնեցված ջանքեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կանգնեցնելու համար, հայտարարել են Դաունինգ սթրիթում:
Ջոնսոնի ծրագրի համաձայն՝ Վլադիմիր Պուտինի վրա ճնշում գործադրելու վեց դրույթներն են.
Միջազգային առաջնորդները պետք է մոբիլիցազնեն միջազգային հումանիտար կոալիցիան հանուն Ուկրաինայի;
Նրանք պետք է սատարեն Ուկրաինային ինքնապաշտպանությունն ապահովելու նրա ջանքերում;
Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը պետք է ուժգնացվի;
Միջազգային հանրությունը պետք է հակազդի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների «դանդաղ կարգավորմանը»;
Պատերազմի դիվանագիտական կարգավորումը պետք է շարունակվի, սակայն Ուկրաինայի օրինական կառավարության լիարժեք մասնակցության դեպքում;
Պետք է անցկացվի ՆԱՏՕ-ի երկրների շրջանում անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու ուղղությամբ արագ արշավ:
Ակնկալվում է, որ վարչապետը նաեւ կներկայացնի իր ուղերձը երկուշաբթի Դաունինգ սթրիթում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեի հետ հանդիպումների ժամանակ: Երեքշաբթի նա կընդունի Չեխիայի Հանրապետության, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի առաջնորդներին:
Դաունինգ սթրիթում պնդում են, որ այդ երկրներն արդեն գտնվում են հումանիտար ճգնաժամում. ընդամենը 10 օրվա ընթացքում 1,4 միլիոն մարդ է փախել Ուկրաինայից՝ տեղափոխվելով հարեւան երկրներ:



