Բորելը կարևոր է համարել Իրանի հետ դիվանագիտակ...

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ չնայած Իրանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վատ վիճակին, Բրյուսելը պետք է կապեր պահպանի Թեհրանի հետ։ Այդ մասին տեղեկանում են իրանական IRNA գործակալությունից:

«Մեր հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ մենք պետք է պահպանենք Իրանի հետ «կրիտիկական փոխգործակցության» անհրաժեշտ մոտեցումը: Դիվանագիտական ​​կապուղիների պահպանումը չափազանց կարևոր է մեր քաղաքացիների, մեր շահերի պաշտպանության և Իրանի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության համար», - հայտարարել է Բորելը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում։

«Ես չեմ դադարի օգտագործել յուրաքանչյուր դեպք և յուրաքանչյուր հնարավոր փոխգործակցություն` Իրանին կոչ անելու փոխել իր վարքագիծը, ինչպես արել եմ վերջին բոլոր ամիսների ընթացքում», - ասել է Բորելը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն Իրանին հստակ ազդակ է ուղարկում՝ պահանջելով դադարեցնել հիմնարար իրավունքների ու ազատությունների ճնշումը, ազատ արձակել ԵՄ-ի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին։

Նա ասել է, որ 2022 թ. դեկտեմբերին Եվրամիության արտաքին գործերի նախարարներն ավելի կոշտ դիրքորոշում են որդեգրել Իրանի նկատմամբ։

«Մենք ընդունել ենք պատժամիջոցների ինը փաթեթ: Մենք շատ հստակ դիրքորոշում ենք որդեգրել միջազգային համաժողովներում, այդ թվում՝ ի պաշտպանություն միջազգային փաստահավաք առաքելության: Եվ թույլ տվեք հստակ հայտարարել՝ մենք կշարունակենք դիտարկել Իրանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կարգավորելու՝ մեր տրամադրության տակ եղած տարբերակները», - եվրապատգամավորներին վստահեցրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

IRNA-ն հիշեցնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը քանիցս նախազգուշացրել է «Արևմուտքի ինտերվենցիոնիստական վարքագծի հետևանքների մասին» և հայտարարել, որ նման գործողություններն անպատասխան չեն մնա։