Բոլորը տուժում են, թե՛ վարորդները, թե՛ ԱԳԼՃԿ-...

Երևանի ավագանու Լույս դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում ավտոգազի թանկացման հնարավոր պատճառի մասին գրառում է արել.

«ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. այն որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը և այն որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը իհարկե տրամաբանական էր` գազը չափել և վաճառել կիլոգրամով, որպեսզի ջերմաստիճանի տատանման կամ այլ գործոններից գազ սպառողը չտուժեր: Կա մի նրբություն, որի մասին խոսում եմ որպես այս թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս:

Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը և կայանի սեփականատերը ստիպված իր հերթին թանկացնում է գազը: Արդյունքում նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և բնականաբար դժգոհում, որ իրեն խաբել են:

Վարչապետն ասաց, որ, եթե կիլոգրամով չափելու արդյունքում գազը թանկանա, ապա կստացվի, որ վարորդները խաբվել են այսքան ժամանակ: Այո, դա ճիշտ է, բայց խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում` այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, եթե չեմ սխալվում տեղադրում կամ տրամադրում է Գազպրոմը: Ստուգե՛ք մուտքային հաշվիչները... շատ բան կպարզվի»:

 Politik.am-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց` ներսում չափում են կգ-ով, բայց կայանի մուտքին չափում և վաճառում են խ/մ-ով, ինչի արդյունքում զուտ գազի համար Գազպրոմին վճարում են ավելի շատ, քան փաստացի վաճառել են։

«Լուծումը Գազպրոմի կողմից տեղադրված հաշվիչների փոփոխությունն է: Ստացվում է, որ բոլորը տուժում են, թե՛ վարորդները, թե՛ ավտոգազալիցքավորման կետի սեփականատերը, բացի Գազպրոմից»: 

Խաժակյանի կարծիքով` խնդրի լուծման համար Կառավարության որոշումն էլ բավարար է, սակայն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելը իր լիազորությունների մեջ չէ.

«Հարցը բարձրացրել եմ տեղեկացնելու համար: Սակայն ակնկալում եմ, որ Կառավարությունը այդ կետին ուշադրություն դարձնի և խնդիրը դիտարկի ըստ էության, ոչ թե մանր տնտեսվարողի տեսանկյունից»: