Բոլիվիայում 90-ից ավելի ոստիկան է տուժել ցուց...

Բոլիվիայում ոստիկանության ավելի քան 90 աշխատակից է տուժել երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակիցների կողմից զբաղեցրած ճանապարհների ապաշրջափակման հետևանքով: Այդ մասին  Bolivia TV հեռուստալիքին ասել է Բոլիվիայի ՆԳՆ ղեկավար Էդուարդո Դել Կաստիլյոն:

«21 օրվա ընթացքում Բոլիվիայի ոստիկանությունը մոբիլիզացրել է ավելի քան 11,377 աշխատակցի, որպեսզի երաշխավորի ճանապարհների անցանելիությունը: Ոստիկանության 92 աշխատակից ստացել է վիրավորում»,- ասել է Կաստիլյոն:

Ճանապարհների շրջափակումը 1,7 միլիարդ դոլարի վնաս է հասցրել Բոլիվիային: Երկրի նախագահ Լուիս Արսեի խոսքով ՝ ճանապարհների շրջափակումը խաթարել է փոքր և խոշոր բիզնեսի աշխատանքը, տուժել է զբոսաշրջության ոլորտը և երկրի հեղինակությունը:

Ցուցարարները դժգոհ են երկրում սննդամթերքի գների բարձրացումից և վառելիքի պակասից: Բացի այդ, նրանք ցանկանում են դադարեցնել Մորալեսի դեմ հետաքննությունը, որին կասկածում են մարդկանց թրաֆիքինգի և անչափահասի բռնաբարելու մեջ: