Երեկ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությանը, հստակեցրեց կառավարության դիրքորոշումը.
«Բյուջեից 300 հազար դոլար ենք հատկացրել, որ միջազգային ընկերություն ներգրավվենք՝ տեղում փորձաքննություն իրականացնելու համար: Այդ փորձաքննությունը պետք է պատասխան տա՝ արդյոք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում ընդունելի՞ են, թե ընդունելի չեն: Եթեկպարզվի, որ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ու Սևանի ջրային համակարգի համար, ուրեմն այդ ծրագիրը ընդհանրապես կփակվի: Իսկ եթե այդ ռիսկերը մեծ չեն`կառավարելի են, ծրագիրը կաշխատի»:
Politik.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանն ասաց, որ խումբը վարձելը և ռիսկերը գնահատելը արդեն 6 ամսից ավելի պատմություն ունեն: Բազմիցս հանդիպումներ ունենալով Բնապահպանության նախարարությունում` մտաավախություն ունեն` այդ խումբը լինելո՞ւ է, թե՞ ոչ.
«Անընդհատ խոսում են, որ հարմար խումբ չեն գտել, որը կկարողանա բոլոր ռիսկերը գանահատել: Արդեն քանի ամիս է` Բննախը հանրությանը, կարծում եմ նաև վարչապետին գցում է այն շփոթմունքի մեջ, թե այդ խումբը շուտով վարձվելու է: Հավաստիացնեմ, որ ռիսկերը մեր փորձագետների կողմից արդեն գնահատվել են, սակայն ինչո՞ւ չեն ընդունվում: Կարծում են, թե դրանք կողմնակալ են, թեև այդ փորձագետները երբևիցե Լիդեանի հետ չեն աշխատել:
Բնապահպանը նշեց` գիտնականների և բնապահպանների այդ խումբը ապացուցել է, որ Ամուլսարի գործարկման ծրագիրը կարող է վտանգ լինել Ջերմուկի և Սևանի խորքային ջրերի համար.
«Կա նաև ուրիշ խումբ` այդ թվում Լիդեանը, որը պնդում է` այդ փորձագետները տեղացի լինելու պատճառով անկողմնակալ լինել չեն կարող և նրանց կարծիքը հաշվի չպետք է չառնել: Եվ կա Կառավարությունից, մասնավորապես` Բննախից կազմված խումբը, որը անընդհատ վարչապետին համոզում է, թե այլ փորձագետներ պետք է բերվեն: Ստացվում է`Բնապահպանության նախարարությունը շահագրգիռ չէ Ամուլսարի պրոեկտը կանգնեցնելու համար»:
Սիլվա Ադամյանի խոսքով` արբիտրաժային դատարան դիմելը կարող է խնդիր առաջացնել: Այն գումարները, որոնք հետ կպահանջի Լիդիանը, ՀՀ Կառավարությունը չի կարող վճարել:
«Խնդրի ձգձգումը լավ բանի չի կարող հանգեցնել, քանի որ Ջերմուկի պահպանման խմբում եղած բնապահպանների դեմ Լիդեանը դատական գործընթացներ է սկսել»:
Աննա Հովհաննիսյան



