Բնապահպանության նախարարությունն առաջարկում է...

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող էլեկտրական միջոցների ներմուծումը կամ օտարումը մինչև 2022 թթ. հունվարի 1-ը:

«Նախագծի ընդունումը կնպաստի երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերմանն ու կիրառմանը, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազմանը և ՀՀ էներգետիկ կախվածության նվազմանը, իսկ էլետրական շարժիչով մոտոցիկլետների և մոփեդների ավելացումը բացի վերը նշվածներից՝ նաև խցանումների նվազման ու  երթևեկության անվտանգությանը կնպաստի», - ԱԺ տնտեսական հարցրերի մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Նա նկատեց, որ ԱԱՀ արտոնությունն ամենաարդյունավետ միջոցն է էլեկտրոմոբիլների տեսակարար կշիռը բարձրացնելու համար:

Արձագանքելով դիտարկմանը, թե ամեն անգամ նման արտոնությունների տրամադրումը ավելացնում է հարկային բեռը, իսկ վերջին շրջանում նման արտոնությունների մասին քննարկումները շատ են ու էլեկտրոմոբիլները բավականին թանկ են, հետևաբար նման տրանսպորտային միջոց ձեռք բերած անձինք կարող են նաև ԱԱՀ վճարել, փոխնախարարն ասաց.

«Ոստիկանության տվյալներով 10 էլեկտրոմոբիլ կա գրանցված, ներկրվածներն ավելի շատ են, բայց չեն շահագործվում: Որպես համեմատական ասեմ՝ Վրաստանում նման տրանսպորտային միջոցների քանակը 4000-ից բարձր է, և ընդհանրապես դրանք ազատված են բոլոր հարկատեսակներից: Դրանց զուգահեռ նաև Վրաստանի կառավարությունը որպես խթան՝ բոլոր լիցքավորման կայանները դարձրել է անվճար: Նման միջոցները այս հարկատեսակից ազատելն ամենաչնչինն է, ինչը կարող էր անել կառավարությունը, իսկ տնտեսական շահերը շատ ավելի մեծ են»: