Բնակարանային գողության դեպքերը աճել են 62 տոկ...

Հայաստանի գլխավոր դատախազությունը մտահոգիչ է համարում երկրում գույքի հափշտակության, բնակարանային գողությունների դեպքերի աճը։

Գլխավոր դատախազի 2018 թվականի գործունեության ծրագրում, որը ներկայացված է Ազգային ժողով, նշվում է, որ անձնական գույքի հափշտակության դեպքերը 2018-ին աճել են 19 տոկոսով. 2017-ին գրանցվել է 7433 դեպք, 2018-ին՝ 8886։

Մասնավորապես, 2018-ին նախորդ տարվա համեմատությամբ 30.6%-ով աճել են հանրային մեծ վտանգավորություն ներկայացնող կողոպուտի դեպքերը՝ 2017-ին 183 դեպք, 2018-ին՝ 239։ Գողության դեպքերն աճել են 1135-ով կամ 19%-ով. Իսկ բնակարանային գողության դեպքերն աճել են 549 դեպքով կամ 61.8%-ով. 2017-ին Հայաստանում գրանցվել է բնակարանային գողության 889 դեպք, 2018-ին՝ 1438։

Գլխավոր դատախազի տարեկան զերկույցում նշվում է, որ բնակարանային գողության դեպքերի էական աճին զուգահեռ, դրանց բացահայտման մակարդակը ցածր է, ինչը մտահոգիչ է։

«Բացահայտման մտահոգիչ ցածր մակարդակը վկայում է, որ այս հանցագործության կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված միջոցառումներն անբավարար են: Այս հանցագործությունների քանակն ու առանձին դեպքերում դրանց կազմակերպվածության բարձր աստիճանը վկայում են, որ բազմաթիվ դեպքերում գործ ունենք հանցավոր վարքագծի այս դրսևորման մեջ հմտացած, հատուկ միջոցներ ու հնարքներ կիրառող կազմակերպված խմբերի հետ, որոնք, փաստորեն, օպերատիվ տեսադաշտում չեն», -նշվում է զեկույցում։

Ըստ գլխավոր դատախազության, հանցագործության այս տեսակի նախականխման, կանխման ու բացահայտման ուղղությամբ հետաքննության մարմնի աշխատանքը բավարար համարվել չի կարող: Նկատենք՝ այսպես դատախազությունը դժգոհություն է հայտնում այդ հարցում ոստիկանության աշխատանքի հետ կապված։

Նշվում է, որ անհրաժեշտ է ավելի մեծացնել ոստիկանության արտաքին ծառայության ծավալները՝ պարեկային ծառայություն սահմանելով՝ այս հանցագործությունների համար առավել թիրախային հատվածներում:

Ընդ որում, փորձը ցույց է տալիս, որ տարվա կոնկրետ ժամանակահատվածներում, երբ պարեկային ծառայությունն ուժեղացվում է, բնակարանային գողությունների թիվը զգալիորեն նվազում է, իսկ բացահայտման դեպքերը՝ ավելանում:

Հաշվի առնելով  այս ամենը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվել է 2018թ. արձանագրված բնակարանային գողությունների դեպքերով կատարել ուսումնասիրություն, որի արդյունքում առանձնացնել բնակարանային գողությունների ռիսկային հատվածները, այդ հատվածները նշագրել քարտեզների վրա:

Բացի այդ, բնակարանային գողությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի խստացման նկատառումներով ՀՀ դատախազությունում մշակվել և կառավարություն է ուղարկվել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան օրենքի նախագիծ: