Ռուսական իշխանությունները համոզել են Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին, որ նա կպարտվի պատերազմում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի իսլամիստների գլխավորած զինված խմբավորումներին և նրան ապահով տարհանում են առաջարկել, եթե նա անմիջապես հեռանա Սիրիայից: Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։
Ասադի փախուստը կազմակերպել են ռուսական հետախուզության աշխատակիցները, ասել են գործակալության զրուցակիցներից երկուսը։ Նրանց խոսքով՝ հետախուզության աշխատակիցները Ասադին դուրս են բերել՝ օգտագործելով Սիրիայում ռուսական ավիաբազան։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Ասադին տեղափոխող օդանավում տրանսպոնդերն անջատվել է հսկողությունից խուսափելու համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է իմանալ, թե ինչու ռուսական հետախուզական ծառայությունները չեն նկատել Ասադի ռեժիմի համար աճող սպառնալիքը, քանի դեռ շատ ուշ չէ, ասել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը:
Ինչպես նշում է Bloomberg-ը, ի սկզբանե Սիրիայում ռուսական զորքերը հարձակվել են սիրիական զինված խմբավորումների վրա՝ փորձելով հետ մղել նրանց և ուժեղացնել Ասադի ուժերը։ Բայց քանի որ սիրիական կառավարական զորքերը «շատ դիմադրություն չցուցաբերեցին», և խմբավորումները, գրավելով Հալեպն ու Համան, սկսեցին առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Հոմս քաղաքը, Ռուսաստանը եկավ այն եզրակացության, որ չի կարող պաշտպանել Ասադի ռեժիմը, ասել է աղբյուրներից մեկը։