ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Էր Ռիադ, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Այս մասին տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը։
Բանակցությունների առանցքային թեման դառնալու է հակամարտությունների կարգավորումը Գազայի հատվածում եւ Լիբանանում։ Նրանք նաեւ կքննարկեն Իրանին Իսրայելի հնարավոր պատասխանի հետ կապված հարցերը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարն այցելել էր Իսրայել։ Երուսաղեմում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի մահը պետք է դառնա Գազայի հատվածում հակամարտությունն ավարտող քայլ։ Պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ բանակցություններում Բլինքենը, մասնավորապես, քննարկել էր Իրանին դիմակայության հարցը։ Հոկտեմբերի 24-ի համար նախատեսված է ԱՄՆ պետքարտուղարի այցը Կատար, որտեղ նրան կընդունի կառավարության ղեկավար եւ արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։