Բլինքենը հերքել է տեղեկությունները, թե թալիբն...

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերքել է տեղեկություններն այն մասին, որ թալիբներն արգելափակել են Աֆղանստանի հյուսիսում գտնվող Մազարի Շարիֆ քաղաքից ամերիկացիների մեկնելու փորձերը, սակայն հայտարարել է, որ թալիբները թույլ չեն տվել չարտերային չվերթներ իրականացնել որոշ մարդկանց մոտ վավեր փաստաթղթերի բացակայության պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Վերջին մի քանի օրերի ընթացքում տեղեկություններ եղան, որ 1000 մարդ, այդ թվում՝ ամերիկացիներ, մնացել են Մազարի Շարիֆի օդանավակայանում եւ սպասում են չարտերային թռիչքներով մեկնելու թույլտվությանը: Կազմակերպիչներից մեկը ուշացման համար մեղադրել է Պետդեպարտամենտին. Քննադատությանը միացել են նաեւ հանրապետականները, ովքեր հայտարարել են, որ բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկվել չարտերային թռիչքները հեշտացնելու համար:

Բլինքենի խոսքով՝ Վաշինգտոնը ամերիկացիների «համեմատաբար» փոքր թիվ է գրանցել, ովքեր ցանկանում են հեռանալ Մազարի Շարիֆից: Բայց չարտերային թռիչքների փորձի հիմնական խնդիրներից մեկն այն էր, որ որոշ մարդիկ չունեին վավեր ճանապարհորդական փաստաթղթեր, որոնք փաստացի արգելափակել են ամբողջ խմբի մեկնումը, ասել է նա:

«Որքանով ես հասկանում եմ, թալիբները չեն մերժել փաստաթղթեր ունեցող որեւէ մեկին մեկնելու հարցում, սակայն ասել են, որ նրանք, ովքեր չունեն վավեր փաստաթղթեր, այս պահին չեն կարող հեռանալ»,- ասել է Բլինքենը: «Քանի որ այս բոլոր մարդիկ խմբավորված են միասին, դա նշանակում է, որ թռիչքները չեն թույլատրվում»,- ասել է նա:

Բլինքենը հավելել է, որ թալիբները վերահաստատում են իրենց հանձնառությունը` թույլ տալու ամերիկացիներին հեռանալ վավեր ճամփորդական փաստաթղթերով: