Առաջին գողությունը անցած տարվա դեկտեմբերի 3-ին էր. Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում գիշերը կոտրել էին բջջային կայանի մետաղյա դուռն ու գողացել 12 մարտկոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվեց քրեական գործ, ձեռնարկվեցին անհրաժեշտ միջոցառումներ: Իսկ դեկտեմբերի 10-ին ստացվեց նույնատիպ նոր հաղորդում: Այս անգամ կոտրել էին Բաղրամյան գյուղի բջջային կայանի դուռն ու գողացել 12 մարտկոց: Դեկտեմբերի 29-ի գիշերը նույն գյուղի մեկ այլ կայանի դուռը կոտրել ու տարել էին ութ մարտկոց, իսկ այս տարվա հունվարի 4-ին 12 մարտկոց էին տարել Հայկաշեն գյուղի կայանից: Ի դեպ, մեկ մարտկոցի արժեքը մոտ հարյուր հազար դրամ է:
Վերլուծությունը հուշում էր, որ բոլոր գողություններն էլ նույն հանցավոր խմբի գործն են: Վաղարշապատի քրեական հետախույզները հենց այս վարկածը մշակեցին, ինչի արդյունքում էլ ստացան օպերատիվ տվյալ` հանցավոր խմբի անդամների վերաբերյալ: Երկուսը Մասիս քաղաքի բնակիչ են՝ 36 և 40 տարեկան եղբայրներ, երկուսը` մայրաքաղաքի: Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո մարտի 1-ին ոստիկանները բերման ենթարկեցին մասիսցի կրտսեր եղբորը, ներկայացրին վարույթն իրականացնող մարմնին, որտեղ էլ նա խոստովանեց արարքը: Հետագա միջոցառումների արդյունքում մյուսները ներկայացել են դեպքի նախաքննությունը վարող տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։