BIld. Մերկելն անձամբ է արգելափակել Ուկրաինայի...

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ է արգելափակել ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինային սպառազինության մատակարարումը, գրում է գերմանական Bild պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը Մերկելի կառավարությանը մեղադրել է ՆԱՏՕ-ի ապահովման եւ մատակարարման կազմակերպության գործակալության (NSPA) միջոցով Կիեւին խոշոր տրամաչափի հրացաններ մատակարարելուն խոչընդոտելու մեջ։

Պարբերականի տեղեկություններով՝ Բեռլինն օգտագործել է իր վետոյի իրավունքը մայիսին։ Միաժամանակ, Մերկելի կառավարությունը, ըստ աղբյուրի, ստիպել է Նիդեռլանդներին աջակցել այս որոշմանը, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե «վաճառքի միակ հակառակորդն է»։

Օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Bild-ի, Կիեւ կատարած այցի ժամանակ անձամբ Մերկելին խնդրել էր վերացնել մատակարարման վետոն։ Սակայն այն ժամանակվա կանցլերը, հանդիպման ներկաներից մեկի խոսքով, «սառցե ձայնով հայտարարել է, որ դա անհնար է», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։