ԲՀԿ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Ակնկալիքն այնպիսին էր, որ պետք է առաջին բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետությունը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ հնչեին տեսակետներ, սակայն տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ որևէ դիտարկում չկա այդ մասին: Այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևը դրանից հետո անմիջապես հայտարարում է, որ բանակցային ֆորմատի փոփոխություն չի լինելու, դա երկու փաստի մասին է խոսում` կա´մ քննարկվել է այդ հարցը, բայց արժանացել է Ադրբեջանի բացասական արձագանքին, կա´մ պարզապես Ադրբեջանի նախագահը իրադարձություններից առաջ անցնելով և զուտ կանխարգելելու նպատակով նման հայտարարությամբ է հանդես գալիս»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Պատգամավորը կարծում է, թե´ Նիկոլ Փաշինյանի խոսքերից, թե´ համանախագահների տարածած հաղորդագրությունից, պարզ է դառնում, որ գլխավոր շեշտադրումը դրվել է փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ տարվելիք աշխատանքների վրա.

«Մեզ համար խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախավերջին հայարարության մեջ ընդհանրապես անդրադարձ չկա Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածություններին: Այսօր ևս մեկ անգամ վերահաստատում ենք այն, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, Արցախի հետ կապված որևէ հարցի լուծում մեզ համար անթույլատրելի է»,-ասաց Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ միգուցե տրամաբանական էր, որ առաջին բանակցության ընթացքում այդ փաթեթով ու ծավալով չի քննարկվել։: