Իվետա Տոնոյանը չցանկացավ հայտնել, թե ովքեր են լինելու կուսակցության նախընտրական ցուցակում, սակայն նշեց, որ մեզ համար միշտ կարևոր է եղել, որ ցուցակում լինեն նոր դեմքեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը
«Կարծում եմ այս անգամ ևս կլինեն նոր անուններ, սակայն սրա մասին մենք կարող ենք խոսել այն ժամանակ, երբ ցուցակները պատրաստ կլինեն և կհրապարակվեն։ Ինչ վերաբերում է ցուցակներում ինչ-որ մարդկանց ընգրկման կամ պարբերաբար ինչ-որ անունների շահարկման թեմային, մենք հիանալի գիտենք, թե ովքեր են այս թեզերը պարբերաբար շրջանառության մեջ դնում և ինչու են դա անում։ Կարծում եմ, որ այն մարդը, որը կանգնած է այս ամենի ետևում, իրեն գտավ»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը։
Իվետա Տոնոյանը բարձր է գնահատում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շանսերը արտահերթ ընտրությունների մասնակցելու և հաղթելու համար․ «Կուսակցությունն այս ընտրություններին մասնակցում է կոնկրետ հաղթելու պատրաստակամությամբ և հաստատակամությամբ»։
Անդրադառնալով շրջանավող այն տեղեկություններին, որ իշխանությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն արգելել է իր ցուցակում ընդգրկել որոշ մարդկանց՝ հաշվի առնելով նրանց կոշտ արտահայտությունները իշխանության հասցեին Տոնոյանը հակադարձեց, որ այդ խոսակցությունները շրջանառության մեջ են դնում այն մարդիկ, որոնց համար ընդունելի է, որ իրենց նմանատիպ պահանջներ ներկայացնեն։



