Բելուջիստանի նահանգի Մասթունգի շրջանում պայթյ...

Պակիստանի հարավ-արևմուտքում առնվազն երեք ոստիկան է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել ոստիկանական ավտոբուսի դեմ ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառման հետևանքով։ Այս մասին հաղորդել է Dawn պարբերականը։

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգի Մասթունգի շրջանում՝ այդ տարածաշրջանի վարչական կենտրոն Քվետայից մոտավորապես 35 կմ դեպի հարավ։ Ինքնաշեն պայթուցիկ սարքն ամրացված է եղել ճանապարհի եզրին կայանված մոտոցիկլետին և գործի է դրվել, երբ ոստիկանական ավտոբուսն անցել է ականապատված փոխադրամիջոցի մոտով։

Բոլոր տուժածները տեղափոխվել են Մասթունգի հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Առայժմ նահանգում գործող ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: