
Բելառուսը Լեհաստանին և Լիտվային տեղեկացրել է անօդաչու թռչող սարքերի մոտենալու մասին, հայտարարել է Գլխավոր շտաբի պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն։
Նրա խոսքով՝ «Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև անօդաչու թռչող սարքերի հարվածների գիշերային փոխադարձ փոխանակման ընթացքում Բելառուսի Հանրապետության հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերն ու միջոցները մշտապես հետևել են անօդաչու թռչող սարքերին, որոնք կորցրել են ուղղությունը կողմերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության հետևանքով»:
«Մոլորված անօդաչու թռչող սարքերի մի մասը ոչնչացվել է մեր երկրի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից՝ հանրապետության տարածքում։
Համագործակցության առկա ուղիներով սեպտեմբերի 9-ի ժամը 23:00-ից մինչև սեպտեմբերի 10-ի ժամը 4:00-ն մեր հերթապահ ուժերն ու միջոցները տեղեկատվություն են փոխանակել օդային և ռադիոլոկացիոն իրավիճակի մասին Լեհաստանի և Լիտվայի Հանրապետության հերթապահ ուժերի և միջոցների հետ։ Այդպիսով նրանց տեղեկացրել են իրենց երկրների տարածքին անհայտ թռչող սարքերի մոտենալու մասին»։
Սա թույլ է տվել լեհական կողմին օպերատիվորեն արձագանքել անօդաչու թռչող սարքերի գործողություններին՝ օդ բարձրացնելով իրենց հերթապահ ուժերը։
Արդարության համար պետք է նշել, որ լեհական կողմը նույնպես բելառուսական հերթապահ մարտական անձնակազմերին տեղեկացրել է Ուկրաինայի տարածքից Բելառուսի Հանրապետության սահմանին անհայտ թռչող սարքերի մոտենալու մասին։
Օդային իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակումը տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է և նպաստում է վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների ստեղծմանը։
Բելառուսի Հանրապետությունը կշարունակի կատարել իր պարտավորությունները՝ Լեհաստանի Հանրապետության և Բալթյան երկրների հետ օդային իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման շրջանակում»,- Մուրավեյկոյին մեջբերում է Բելառուսի պաշտպանության նախարարության Telegram-ալիքը։