Երևանի կոնյակի գործարանը պարզաբանում է տարածել բելառուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ, որոնցում ասվում էր, որ Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։
Մասնավորապես, Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ ղեկավար Զարուհի Սարիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։
Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված մի կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»։



