ԲԴԽ նախագահ ընտրել են դատավորները, որոնք հանր...

«Նոր անդամներով համալրված ԲԴԽ-ն ունա՞կ է ապահովելու դատարանների անկախությունը» թեմայով «Մեդիա կենտրոնի՝ այսօր կազմակերպած քննարկմանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ չի ցանկանում կենտրոնանալ Ռուբեն Վարդազարյան անձի վրա, քանի որ նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը:

«Էականը ընտրողներն են. ԲԴԽ նախագահ ընտրել են դատավորները, որոնք հանրության մոտ ունեն վստահության շատ ցածր մակարդակ: Բնականաբար, այստեղ մեկ այլ տրամաբանություն չի կարող լինել, թե եկեք՝ այդ ընտրությանը վստահենք: Ավելին՝ հաշվի առնելով, որ, ցավոք սրտի, այդ դատավորները միշտ գործել են քաղաքական իշխանության հրահանգով և հիմա էլ դիրքավորվում են այնպես, թե ինչպիսի որոշում կայացնեն կամ ինչպես իրենց պահեն, որպեսզի հնարավորինս բարենպաստ հարաբերություններ և վերաբերմունք ունենան»,-ասաց Սաքունցը:

Սաքունցի կարծիքով՝ դատական իշխանությունը պետք է ենթարկվի լուրջ զտման: Նա խնդրահարույց համարեց նաև փաստը, որ ԲԴԽ նախագահի ընտրությունը կատարվել է առանց լրատվամիջոցների. «Նշանակում է՝ հանրությունից թաքցնելու բան կա: Երբ դատավորների մեծամասնութունը որոշում է, որ ընտրությունը լրագրողների համար պետք է փակ լինի, արդեն իսկ վեթինգի հիմնավորումներից մեկն է»: 

«Մենք հերթական անգամ գործ ենք ունենում ԲԴԽ անդամների ընդամենը փոփոխության հետ»,-ընդգծեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը: