ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կողմից Ռ. Քոչարյանի գործը քննող դատավորին հայտարարված նախազգուշացմանը:
«Ստացվում է, որ ԲԴԽ-ն իր որոշմամբ փաստել է, որ տվյալ դատավորը պարոն Քոչարյանի հետ կապված մի ընթացակարգում օրենք է խախտել, և օրենքը խախտել է ի վնաս պարոն Քոչարյանի: Ինքը պետք է քններ կալանքի տակ պահելու հարցը, սակայն չի քննել, և ԲԴԽ-ն դա համարել է խախտում»,-նշեց Ալումյանը:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ պաշտպանական խումբը կքննարկի և կորոշի՝ այս հիմքով և՞ս պետք է դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի, թե ոչ:
Ալումյանը նշեց, որ որոշումներից մեկնումեկը, որ այս փուլում դատարանն իրավունք ունի կայացնել, դա հենց քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն է, եթե այդ որոշումը կայացնելու համար անհրաժեշտ չէ գործի բոլոր ապացույցները հետազոտել:
Ըստ Ալումյանի՝ պաշտպանական խումբը ներկայացրել է նաև այլ միջնորդություններ.«Նշել ենք, թե մեր կարծիքով՝ որ վկաները պետք է հրավիրվեն դատարան. նաև՝ գործը մեղադրողին վերադարձնելու մասին միջնորդություն, որովհետև մենք գտնում ենք, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքով նախատեսված չափանիշներին»:



