BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել

Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News-ի լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Դոնալդ Թրամփի՝ BBC Panorama-ում խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճերի ֆոնին, հաղորդել է BBC-ն:

«BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ առկա վեճը, հասկանալիորեն, ազդել է իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ կազմակերպություն է, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը», — նամակում ասել է Դեյվին։

Դեյվին ասել է, որ աշխատում է խորհրդի հետ հեռանալու ճշգրիտ ժամկետի շուրջ համաձայնության գալու համար՝ առաջիկա ամիսներին նոր ղեկավարի սահուն անցումն ապահովելու համար։

«Թրամփի մասին «Panorama»-ի հաղորդման շուրջ շարունակվող վեճը հասել է այն փուլի, որ վնասում է BBC-ին՝ մի հաստատության, որը ես շատ եմ սիրում, ասել է Դեբորա Թըրնեսը։ Չնայած սխալներ են թույլ տրվել, ես ուզում եմ հստակեցնել, որ BBC News-ի՝ որպես կազմակերպության դեմ կողմնակալության վերաբերյալ վերջերս հնչած մեղադրանքները կեղծ են: Պատասխանատվությունը կրում եմ ես», — գրել է նա՝ հայտարարելով, որ շաբաթ օրը հրաժարականի դիմում է ներկայացրել Թիմ Դեյվիին։

«Բոլորը հրաժարական են տալիս կամ աշխատանքից ազատվում, քանի որ նրանց բռնել են հունվարի 6-ին իմ շատ լավ (ԿԱՏԱՐՅԱԼ) ելույթը «աղավաղելիս», մեկնաբանել է Թրամփը BBC-ի գլխավոր տնօրենի հրաժարականը TruthSocial ցանցում:

Նա նշել է, որ այդ մարդիկ չափազանց անազնիվ են, որոնք փորձել են միջամտել նախագահական ընտրություններին։ Բացի այդ, նրանք այն երկրից են, որին շատերը համարում են իրենց թիվ մեկ դաշնակիցը:

Ինչպես նոյեմբերի 3-ին հաղորդել էր The Daily Telegraph-ը, Թրամփի «Panorama» ծրագիրը, որը BBC-ն հեռարձակել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, խմբագրվել էր՝ ենթադրելով, որ նա կոչ է անում գրավել ԱՄՆ Կոնգրեսի շենքը, մինչդեռ իրականում նա խոսում էր քաղաքացիական անհամաձայնությունը խաղաղ միջոցներով արտահայտելու անհրաժեշտության մասին։