Ադրբեջանում, ըստ ամենայնի բավական ծանր են տանում այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում մայիսի 9-ին, Հայրենական Մեծ պատերազմի Հաղթանակի օրվա առիթով ռուս խաղաղապահները շքերթ են անցկացնելու։ Հերթական անգամ Բաքվից հերթական հակառուսական հայտարարությունն է հնչել, այս անգամ Ալիեւների վարչակարգի քարոզչական գործիքներից մեկն համարվող Ֆուադ Աբբասովի կողմից։
Ռուսաստանից արտաքսված այս քաղաքական գործիչը, ով հայտնի է իր ընդգծված թուրքահաճ կեցվածքով, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է թույլ չտա, որպեսզի Ստեփանակերտում ռազմական շքերթ անցկացվի ռուս խաղաղապահների կողմից՝ հայկական ուժերի մասնակցությամբ, եւ հարկ եղած դեպքում պարզապես պետք է Ստեփանակերտի եւ ռուս խաղաղապահների վրա արձակվեն «Գրադ» հարվածային կրակի համակարգերից հրթիռներ, որպեսզի հաջորդ անգամ շքերթ անելու համարձակություն չունենան։
Իհարկե, այս հայտարարությունն հակադարձվել է եւ հիշեցրել են Աբբասովին, որ երբ 2008-ին Վրաստանն հանդգնեց նման բան անել, արդյունքում Ռուսաստանն իրականացրեց խաղաղություն պարտադրող ռազմական օպերացիա, որի հետեւանքով ջախջախվեց վրացական բանակը, իսկ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան անկախություն ձեռք բերեցին։ Սակայն ամենից հետաքրքիրն այստեղ ոչ այնքան Աբբասովի հայտարարությունն է, ով երբեք էլ աչքի չի ընկել քաղաքական կոռեկտությամբ, որքան այն, որ Ալիեւի քարոզչական այս գործիքը երբեք չէր համարձակվի նման բան հայտարարել, թեկուզ «հաղթանակի էյֆորիայի տեմպի տակ ընկած», եթե չունենար Ալիեւի ռեժիմի հավանությունը։
Ստացվում է, որ Ադրբեջանում որոշակի հակառուսական հիստերիկ բռնկումները եւ դրանց արդյունքում հակառուսական տրամադրությունների գեներացիան իրականացվում է հենց Ալիեւների ռեժիմի կողմից, ոչ ամենեւին թուրքերի աչքից հեռու։ Սա իհարկե, մի կողմից վատ է, որովհետեւ բերելու է իրավիճակի էլ ավելի փխրունության Լեռնային Ղարաբաղում հաստատված հարաբերական խաղաղության, սակայն եւ դրական է այն առումով, որ կարող է Բաքվի սխալը բերել վերջնական հանգուցալուծման, որը վերջ ի վերջո լինելու է։ Իսկ այն դրությունը որը կա հիմա, երբեք չի կարելի համարել վերջնական հանգուցալուծում։