Ազգային Ժողովն այսօր վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։ Ինչ է սա նշանակում քաղաքական առումով։ Այն, որ սահուն կերպով անցնում ենք ներքաղաքական բավական հագեցած, լարված ու ինտրիգային փուլ, որ կոչվում է առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստական փուլ։ Ինչ է սա նշանակում։ Դասական իմաստով՝ քաղաքական գործընթացների ակտիվացում, քաղաքական ուժերի աշխուժացում, քաղաքական պայքարի թեժացում գաղափարական եւ գործնական ոլորտում՝ հանուն մեկ նպատակի՝ ՀՀ քաղաքացու քվեին արժանանալու, ինչու չէ՝ մեծամասնություն կազմելու գալիք ԱԺ-ում եւ իշխանություն ձեւավորելու։ Իսկ ռեալ իրականության մեջ, սա նշանակում է, որ քաղաքական միջոցառումների հետ կապված արգելքները այլեւս վերացվում են։ Ակտիվանում է ոչ միայն ընդդիմությունը իր բոլոր թեւերով, այլ նաեւ իշխանությունը իր բոլոր փայատերերով։ Ռեալ պոլիտիկի տեսակետից, նախ կատարվելու է ռեսուրսների գույքագրում եւ գնահատում․ այսինքն, անկախ կարգախոսներից եւ ելույթներից, եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը գույքագրելու են իրենց ռեսուրսները՝ թե նյութական ռւ թե մարդկային, փորձելու են հասկանալ, թե հասարակության որ հատվածի վրա կարող են հույս դնել, որ օլիգարխների, որ սեփականատերերի եւ նաեւ՝ որ ուժերի հետ է հնարավոր համագործակցել, կամ դաշնակցել։ Սրան հաջորդելու են արդեն կուլիսային եւ հանրային տեսանելի մակարդակում բանակցությունները, որը ավարտվելու է արդեն քիչ թե շատ կայունացած բյուրեղացած քաղաքական նախաստարտային դաշտով, իսկ ստարտը արդեն լինելու է բուն նախընտրական քարոզարշավը։ Դժվար է ասել, թե իշխանությունն ինչպիսի լոզունգներով է գնալու ընտրությունների։ Նախկիններին սեւացնելու լոզունգները գուցե ազդեցություն ունենան, սակայն դերակատարություն մեծ հաշվով չեն ունենա, քանի որ նախկինների օրոք օրինակ Արցախի պետականությունը չի հասցվել կործանման եզրին։ Իշխանության կարգախոսներից ոչ պակաս կարեւոր է ընդդիմության կարգախոսները։ Հետաքրքրական է լինելու, թե ընդդիմությունը պաշտպանական թե հարձակողական նախընտրական արշավ է իրականացնելու։ Այս ամենն իհարկե ուղեկցվելու է բավական հետաքրքիր տեսարաններով ու զարգացումներով, այնպես որ առջեւում դիտարժան ամիսներ են սպասվում մեզ։



