
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնեցված տեքստը պետք է ստորագրվի, իսկ Բաքվում կամայականորեն ձերբակալված հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն։
Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է Լյուքսեմբուրգում Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Ժան-Նոել Բարոն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությանը՝ հույս հայտնելով, որ այդ լարվածության զսպման գործում իր ներդրումը կարող է ունենալ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ես չափազանց անհանգստացած եմ սահմանին աճող լարվածությամբ: Հուսով եմ, որ տեղում տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ամրապնդվել իրավիճակն արդյունավետ վերահսկելու և այդ լարվածությունը զսպելու համար: Խաղաղության պայմանագիրը վերջապես պետք է ստորագրվի, և կամայականորեն ձերբակալվածներն ու բանտարկյալները պետք է ազատ արձակվեն»,-ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: