Բաքվում արցախյան պատերազմին նվիրված այսպես կոչված «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Այսօր՝ 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»:
«Պուրակում» հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս լայն հրապարակայնություն ապահովելով:
«Պուրակի» հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝ հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:
Նույն ցինիզմով ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում:
Ադրբեջանական իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Ադրբեջանական իշխանությունների համար ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակությանն, առհասարակ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են այս բովանդակությամբ բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր, ինչպես նաև արձանագրվել են ահազանգող հրապարակումներ սոցիալական ցանցերում:
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ (մենք այդ ապացույցներն առանձին կհրապարակենք), որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:
Նման «պուրակի» բացումն ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով։
Այդ քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, սպանությունները, որոնք ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ կատարել են թե՛ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների, թե՛ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների, թե՛ ադրբեջանական այլ զինված հարձակումների ժամանակ:
Պետական հովանավորչությամբ թշնամանքն էր պատճառը, որ ադրբեջանական զինվորականները դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին և քաղաքացիական անձանց՝ գործելով բաց դեմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ մտածելու պատասխանատվության մասին և վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն գովասանքի են արժանանալու:
Ուստի, 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
Այս բացարձակ արատավոր երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված է միջազգային հանրության համար:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝ հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան