
Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։
«Այո, հանդիպումը տեղի է ունեցել, սա արդեն երկրորդ հանդիպումն է։ Քննարկվել է անհետ կորածների ճակատագիրը, հնարավոր որոնողական աշխատանքները։ Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի այդ աշխատանքները շարունակական բնույթ կրեն։ Ես այդ հանդիպումը դրական եմ համարում»,-հայտարարել է ԱԱԾ տնօրենը։
Աբազյանը շեշտել է, որ Հայաստանն ամենաշատն է շահագրգռված շոշափելի արդյունքների ձեռքբերմամբ։
«Ես գիտեմ՝ բոլորը սպասում են։ Մենք բոլորից շատ ենք շահագրգռված։ Ցավոք, չեմ կարող ասել՝ արդյոք արդյունք կլինի վաղը, հինգ օր հետո, մեկ ամիս կամ մեկ տարի հետո, բայց կարող եմ վստահեցնել՝ ամեն ինչ արվում է այդ ուղղությամբ»,-ասել է Աբազյանը։
Հարցին՝ ե՞րբ կսկսվեն որոնողական աշխատանքները Ադրբեջանի տարածքում, ԱԱԾ տնօրենը պատասխանել է․
«Ես չբարձրաձայնեմ՝ երբ կլինի, բայց նախնական պայմանավորվածություն ունենք, որ համատեղ իրականացնելու ենք որոնողական աշխատանքներ»։