Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմո...

Բաքուն փորձում է այնտեղ գտնվող հայերից ցուցմունքների միջոցով առևտրի հիմքեր ստեղծել: Այս մասին Ազատության հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Բաքվի ռազմական դատարանում այսօր վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերով դատավարությունը։

Ալիևի ռեժիմը նրանց տասնյակ մեղադրանքներ է ներկայացրել՝ ներառյալ «պատերազմական ագրեսիա, ցեղասպանություն, բնակչության բռնի տեղահանում, հետապնդումներ, կտտանքներ, ռազմական թալան», որոնք, ըստ մեղադրանքի, Ադրբեջանի և այդ երկրի ժողովրդի դեմ «իրականացրել է Հայաստանը և նրա զինված ուժերը», ինչպես նաև «Հայաստանի կողմից ստեղծված այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն» ու վերջինիս կողմից ստեղծված ապօրինի զինված խմբավորումները»։

Բաքվում ընթացող դատավարության և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին վերագրվող հայտարարությունների ֆոնին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրայինին տված հարցազրույցում հայտարարեց, թե արգելված միջոցների գործադրմամբ Բաքուն փորձում է ցուցմունքներ կորզել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից՝ դրանք հետո Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։

«Այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար։ Սպառնալիք է գեներացվում ՀՀ դեմ», - ասել է Փաշինյանը, - «Հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզենք նրանցից»։

Նախորդ դատական նիստից հետո ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել էին, թե Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, թե իբր «զղջում է 2020-ի 44-օրյա պատերազմում Գյանջան հրթիռակոծելու հայտարարության համար», և որ ամենակարևորը՝ «այդ որոշումը ինքը չի կայացրել»։ Թե ով է նման որոշում կայացրել, չի նշվում։ Ընդդիմությունից կարծիքներ հնչեցին, որ Բաքուն փորձում է մի գործ էլ Փաշինյանի վրա կարել։

Թե ինչ հոգեներգործուն միջոցներ են կիրառվում Բաքվում պահվող հայ գերիների դեմ՝ նրանցից տարբեր ցուցմունքներ կորզելու համար, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ Բաքուն փորձում է նման ցուցմունքների միջոցով հետագայում առևտրի հիմքեր ստեղծել։

«Եվ ինչո՞ւ ոչ ևս մի հայց ներկայացնելու, ևս մի մեղադրանք ներկայացնելու հայկական կողմին, ինչ-որ հետագա առևտրի հիմքեր: Լրացուցիչ լծակ և լրացուցիչ ինչ-որ կետ ունենալ, որը քննարկման ենթակա ...: Հայաստանի Հանրապետությունը գիտակցում է այդ մարտավարությունը և թույլ չի տալու, չի ներքաշվելու նման սադրանքների մեջ», - այսօր ասաց ԱԺ նախագահը: