Հայկական «ռեւանշիզմի» դեմ պայքարում Ադրբեջանը կարող է հայկական կողմից պահանջել վերանվանել Վազգեն Սարգսյանի փողոցը Երեւանում։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հոկտեմբերի 3-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ Բաքուն ամեն օր նոր եւ ավելի ծանր պահանջներ է ներկայացնում։ Ադրբեջանը, մասնավորապես, պահանջում է պատժել հերոսներին, փաստացի հրաժարվել բանակից եւ տեղեկություն տրամադրել հազարավոր ադրբեջանցիների մասին, որոնք «անհետ կորել են» ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Մինչ այդ նման պահանջներ հնչեցրել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն եւ գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը։
«Որքան ավելի շատ ես զիջում այնքան ավելի է հակառակորդն առաջ գալիս։ Մեզանից ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Ադրբեջանը կարող է պահանջել պատժել ղարաբաղյան պատերազմի հերոսներին։ Բայց դա տեղի ունեցավ»,- ասել է Խաչատրյանը։



