Բաքուն արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարա...

Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր Սահմանադրությունը՝ «տարածքային հավակնություններից» հրաժարվելու և խաղաղության  գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում երկրի՝ խաղաղությանն առնչվող անկեղծության վերաբերյալ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն:

«Բացի այդ, Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը անտեսելը և այս հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր է առաջացնում այն ​​մասին, թե ինչու է Երևանը ամեն կերպ փորձում պահպանել հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին»,-ավելացրել է ադրբեջանցի դիվանագետը՝ լրլին հնչեցնելով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջը։

Նա նաև հայտարարել է՝ ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների բացմանը, ապա անարգել տարանցման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը համապատասխանում է տարածաշրջանային համագործակցությանը և տնտեսական ինտեգրմանը և ոչ մի կերպ չի կարող դիտվել որպես անհարգալից վերաբերմունք Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ.

«Հայաստանի դիմադրությունը և բարդ տարանցիկ երթուղիների առաջարկը դանդաղեցնում են առաջընթացը և հակասում են տարածաշրջանային համագործակցության կարևորության մասին հայտարարություններին»։

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին և նշել, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել և ավարտին հասցվել դրա շուրջ բանակցությունները:

«Հայաստանը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այն: Գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է համաձայնագրի ստորագրումը երկու խնդրի հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է ՀՀ Կառավարության համար և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել:

«Բայց մյուս կողմից ուզում ենք համոզվել, հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը: Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ, դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան», և գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և առաջարկ՝ ունենալ սեղանին դրված երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, հաջորդ խնդիրը, որն Ադրբեջանը բարձրացնում է, այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունն իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության համար շատ կարևոր նախապայման է այն, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան: Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգին, որն անցյալ տարի ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրել է. «Իմիջիայլոց, Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: