Բանգլադեշի ԱԳՆ-ն պաշտոնական նամակ է ուղարկել Հնդկաստանի կառավարությանը՝ խնդրելով արտահանձնել նախկին վարչապետ Շեյխ Հասինային, որը Միջազգային քրեական տրիբունալի կողմից մահվան է դատապարտվել մարդկության դեմ հանցագործությունների համար, հաղորդում է Hindustan Times-ը։
Բանգլադեշի ԱԳՆ-ն, հղում անելով Դաքքայի և Նյու Դելիի միջև գործող արտահանձնման համաձայնագրին, նշել է, որ Նյու Դելին պարտավորություն ունի ապահովել Շեյխ Հասինայի վերադարձը հայրենիք՝ դատարանի որոշումը կատարելու համար:
«Մարդկության դեմ հանցագործությունների համար ցանկացած այլ երկրի կողմից դատապարտված անձանց ապաստան տրամադրելը կհամարվի ծայրահեղ անբարյացակամ գործողություն և արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան», - ասվում է Բանգլադեշի ԱԳՆ-ի նամակում:
Շեյխ Հասինան Հնդկաստանում է 2024 թվականի օգոստոսից, որտեղից փախել է զանգվածային անկարգություններից հետո: Նրա որդու՝ Սաջիբ Վազեդի խոսքով՝ նախկին վարչապետը թաքնվում է Նյու Դելիի գաղտնի անվտանգ տներից մեկում, որտեղ Հնդկաստանի իշխանությունները նրան ապահովում են լիակատար պաշտպանությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շեյխ Հասինան հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, որոնք կապված են անցյալ տարի կառավարության դեմ բողոքի ցույցերի դաժան ճնշման հետ:



