Բանակը պաշտոնապես դարձնում է աղքատների գործ

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունը, որի գաղափարը մի պարզ բան է ասում. եթե փող ունես՝ բանակն ընդամենը մեկ ամսվա հարց է։ Վճարում ես 20 միլիոն դրամ, կոշիկներդ չհնացած՝ դուրս ես գալիս «ծառայությունից»՝ գրպանում օրինական հավաստագիր։

Այս նախագծի գլխավոր «նվաճումը» մեկ բան է՝ բանակը պաշտոնապես դարձնում է աղքատների գործ։ Ով փող ունի՝ բանակը գրպանի հարց է, ով չունի՝ թող  հայրենիք պաշտպանի։

Սկզբից էլ պարզ էր, որ այս նախաձեռնությունը գրվել է ոչ թե հասարակ զինվորների, այլ հենց իշխանության վերնախավի ու նրանց մերձավորների երեխաների համար։ Քանզի, ինչպես գիտենք, շատերը այսօրվա իշխանությունից զինվորական ծառայությունը «հաղթահարել են» զարտուղի ճանապարհներով, իսկ հիմա փորձում են այդ նույն ճանապարհը դարձնել օրինական։

Ի դեպ, այս կասկածը երկար չմնաց «կասկած»՝ այն արագորեն վերածվեց փաստի։ ՔՊ-ի նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առանց ամաչելու գրել էր․ «Որդիս հինգ տարեկանից արտերկրում է։ Ինձ լրիվ ձեռք է տալիս՝ նման իրավական հիմքով նրան ծառայությունից ազատելը»։

Ահա և ամեն ինչ իր տեղում է. օրենքի անունից խոսում են նրանք, ում օրենքը պետք է անձնական շահը պաշտպանելու համար։