Հրետանու ճամբարային հավաքների անցկացման շրջանակներում Հայաստանի զինված ուժերի 1-ին զորամիավորման հրետանային զորամասի ստորաբաժանումների մարտավարական զորավարժություններ են անցկացվում։ Հրետանային ստորաբաժանումների անձնակազմերը սովորում են ճշգրիտ հաշվարկների արդյունքում խոցել պայմանական նշանակետերը:
Ապրիլի 22-ին մեկ այլ՝ 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ: Մարզումների ընթացքում, գործնական պարապմունքների ձևաչափով, ստուգվել են մարտական առաջադրանքների կատարման, մասնավորապես՝ նշանակետերի արտապատկերման, բաշխման և պայմանական խոցման ժամանակ անձնակազմի մասնագիտական գործողությունները:
Ապրիլի 17-20-ին էլ բանակի 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որի ընթացքում, ըստ պաշտպանողական-հարձակողական գործողության սցենարի, իրականացվել են շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ:
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում էլ ուսումնական վաշտի անձնակազմի ներգրավմամբ անցկացվել են հրաձգության մարզումներ՝ մարտի վարման ընթացքում կրակի տարբեր տեսակների կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով։



