«Առաջիկայում լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ, բեկում պետք չէ սպասել ղարաբաղյան կարգավորման գործընթացում».-Politik.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում կայանալիք հանդիպմանը:
«Պարզապես հանդիպումը կարևոր է նրանով, որ բանակցությունները վերջապես անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափ: Մինչև այժմ Փաշինյան-Ալիև 3 հանդիպում է եղել, որոնք, կարելի է ասել, ճանաչողական էին, բայց դրանք չեն եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով: Այս հանդիպմամաբ, կարծում եմ, կսկսվեն ղարաբաղյան կարգավորման մասով առաջին քննարկումները».-ասում է քաղաքագետը:
Ըստ Վարդանյանի՝ ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ասել՝ կքննարկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 սկզբունքներն ու 6 տարրերը.«Ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, այդ 6 տարերը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները տարբեր կերպ են մեկնաբանում: Օրինակ, առաջին հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետության կարգավիճակին. հայկական կողմի պատկերացմամբ՝ այդ կարգավիճակը կարող է լինել միայն անկախությունը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարության ՝ վերջերս հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք կարող են ճանաչել միայն մի կարգավիճակ՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ինքնավարության բարձր մակարդակ շնորհելը».-մեկնաբանում է Արմեն Վարդանյանը:
Հարցին, թե որևէ էական քննարկում կարո՞ղ է լինել Արցախը բանակցային կողմ դարձնելու վերաբերյալ, Վարդանյանը պատասխանում է.«Ադրբեջանի կողմից մեսիջներ չեն ստացվել այդ հարցով: Մեր իշխանություններն առայժմ այս ձևաչափով կշարունակեն բանակցությունները՝ շատ լավ իմանալով, որ մոտ ապագայում Ադրբեջանը դժվար թե դրան համաձայնի: Ընդհանրապես որևէ կարգի փաստաթղթի ստորագրումը առաջիկայում բացառում եմ: Խնդիրներն այնքան շատ են, որ մեկ, երկու, երեք հանդիպումներով չեն լուծվի, դրա համար տևական և հետևողական աշխատանք է պետք տանել և երկու կողմերի փոխզիջումների պատրաստակամություն»:
Մարիամ Սարգսյան



