«Բալասանյան դաշինքը» չբացատրեց մանդատները դնե...

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չհաշտվելով այն փաստի հետ, որ Գյումրիում չկարողացավ միանձնյա ձևավորել համայնքային իշխանություն, ընտրություններից  հետո անցավ Գյումրիում իշխանությունը  լիիրավ զավթելու գործընթացին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նա նշեց, որ իշխանությունները կիրառել են հնարավոր  և անհնարին բոլոր մեթոդները՝ ճնշում գործադրելով  երբեմնի կոալիցիոն գործընկերների նկատմամբ՝  գործի դնելով իշխանություններին հլու-հնազանդ ծառայող իրավապահ ողջ համակարգը։

«Գյումրիում տեղի ունեցածն առկա  անօրինականության, քաղաքական հետապնդումների, իշխանությունների կողմից  ատելության, թշնամանքի  մթնոլորտի հերթական դրսևորումն է, որի պարագայում  անընդունելի և դատապարտելի է  նաև հազարավոր գյումրեցիների քվե ստացած «Բալասանյան դաշինքի» դրսևորած նման վարքագիծը:

Մինչ օրս չբացատրելով գյումրեցիներին մանդատները վայր դնելու իրական  պատճառները, բայց մի բան հստակ է՝ այդ ամենը տեղի ունեցավ ճնշումների, սպառնալիքների, ինչ-որ  մութ գործարքների արդյունքում։ Այս  ամենն իրականացվեց համայնքում իշխանությունն ամբողջությամբ զավթելու և այնտեղ կուսակցական բացարձակ իշխանություն հաստատելու նպատակով։

Գյումրիում իշխանազավթման մեկնարկից առաջ ոչ մեկի մոտ կասկած չկար, որ  գործող իշխանությունները շատ ակտիվ են լինելու վարչական ռեսուրսների օգտագործման հարցում, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ դա տեղի կունենա այդքան անամոթ ձեւով»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա վստահություն հայտնեց, որ գործող  իշխանությունները փորձելու են առաջիկայում Գյումրիում իրականացնել  իշխանության փաստացի անփոփոխության ծրագիրը: Դա կնշանակի հայկական պետականության ողջ իրավական հիմքի ոչնչացում»,- ասաց Մ. Մելքոնյանը։ նա կոչ արեց քաղաքական ուժերին չլռել տեղի ունեցածի վերաբերյալ: