Տևական ժամանակ է՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ բնակավայրի գլխավոր ճանապարհը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ մի քանի կիլոմետրանոց ճանապարհի փոսերի պատճառով հարյուրավոր ավտոմեքենաներ վնասվում են, կոտրվում են անվահեծանները։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ փոսերը շրջանցելու պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել և երջանիկ պատահականությամբ՝ առանց զոհերի ու վիրավորների։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ ամբողջ ճանապարհը կարելի է ասել դժվարանցանելի է, ու դրա պատասխանատուն շատերը կարծում են, որ Աբովյանի քաղաքապետարանն է։ Մինչդեռ Աբովյանի քաղաքապետարանն այս ճանապարհի հետ առնչություն չունի։
Ճանապարհը սպասարկում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և իրենք էլ պետք է օր առաջ այս պատուհաս ճանապարհից փրկեն վարորդներին։ Վարորդներ, ովքեր ամեն անգամ այս ճանապարհով անցնելիս ամենաքաղցր խոսքերն են ուղղում պատասխանատուներին։



