Բակո Սահակյանը չեղարկեց Փաշինյանի ծրագիրը

Երեւանում տեղի ունեցած ՀՀ եւ Արցախի ԱԽ-ների համատեղ նիստը կարելի է դեռ շատ քննարկել ու վերլուծել։ Նախ, ուշագրավ է այն, որ նախորդ համատեղ նիստից այն տարբերվում է նրանով, որ երեւանյան նիստին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ներկայացուցիչներ Արցախից, ովքեր ՀՀ գործող իշխանությունների կողմից այնքան էլ ընդունված չեն։ Սա բավական յուրահատուկ սիմվոլ է պարունակում իր մեջ՝ փորձ անելով ցույց տալ՝ անկախ քաղաքական տարակարծություններից, գլոբալ հարցերում միասնականություն։ Որպես մեսիջ այն կարելի է ասել, որ տեղ հասավ ներքին լսարանում, որոշ չափով։ Ի վերջո կարծես թե սկսել է ՀՀ գործող իշխանությունը հասկանալ, որ բաժանարար գծեր քաշելով հեռու գնալ չի կարող։ Բացի այդ, եթե Նիկոլ Փաշինյանի ելույթի տողարանքում կարելի էր տեսնել փուլային տարբերակով ԼՂ հակամարտության լուծման տարբերակի լոբբինգը, ապա Բակո Սահակյանի ելույթը բավական հստակ էր ու նաեւ՝ շեշտադրումները հաշվի առնելով, ավելի էմոցիոնալ առումով ճիշտ, հասարակ ժողովրդի համար ընկալելի։ Նկատենք, որ եթե Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի է, որ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններին ներկա լինեն նաեւ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, ապա Բակո Սահակյանի համար անբեկանելի է այն, որ չպետք է դա թույլ տալ, որպեսզի այսպես ասած Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հանկարծ խցկվի բանակցությունների ձեւաչափի մեջ։

Արցախի նախագահը գտնում է, որ այդ քայլով ադրբեջանցիները փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ:Ընդհանուր առմամբ Բակո Սահակյանը հստակ առաջ է տանում մեկ ազգ, մեկ հայրենիք երկու պետություն գաղափարը, որը նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Արցախի ճանաչման, որպես միջազգային քաղաքական եւ աշխարհաքաղաքական միավորի ճանաչման, ունեցած կարգավիճակի պահպանման առումով է կարեւոր։ Պարզ ասած, Բակո Սահակյանը հստակ ֆիքսում է, որ համազգային-համահայկական հարցերում կա լիակատար միասնականություն Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ, սակայն կարեւոր է, որ Ստեփանակերտը կարողանա ինքնուրույն ընտրել եւ իր ապագան եւ իր վարելիք քաղաքականությունը։ Սա, ի դեպ, մեծ հաշվով կարեւոր է նաեւ «Հայաստանը պահում է Արցախին, Արցախը՝ Հայաստանին» սկզբունքի կենսագործման համար, որովհետեւ երկու մայրաքաղաքներին էլ մանեւրելու լայն հնարավորություն է տալիս։