Բացահայտվել են թմրանյութի շրջանառության դեպքե...

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Գյումրու 48-ամյա բնակիչը պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նոյեմբերի 25-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն, որտեղ հայտնել է, որ պատրաստ է ներկայացնելու թմրամիջոցը:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում  իրավապահներին է ներկայացվել 2 փաթեթ և մոխրացված հետքերով կաթուցիչ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը թմրանյութը ձեռք է բերել Գյումրու 43-ամյա բնակչուհուց: Նույն օրը նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է, որ թմրանյութն ինքն է իրացրել: Հայտնել է նաև, որ համաքաղաքացուն  մեկ ուրիշ օր ևս թմրանյութ է իրացրել:

48-ամյա տղամարդն ու 43-ամյա կինը տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը ևս Գյումրի քաղաքում էր: Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Մուշ թաղամասի բնակիչ 46-ամյա տղամարդը տան նկուղում պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց:

Նոյեմբերի 29-ին քրեական ոստիկանները այցելել են նշված հասցե: Տղամարդը հայտնել է, որ ունի մեծ քանակությամբ կանեփ տեսակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում գյումրեցի տղամարդը իրավապահներին է ներկայացրել ընդհանուր շուրջ 1 կգ դեղնականաչավուն զանգվածով 6 տարա:

Գյումրեցի 46-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաձեռնված քրեական վարույթները շարունակվում են: